Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Բաքուն քայլ առ քայլ կառուցում է իր պատմական ռևանշը, իսկ Հայաստանի իշխանությունները շարունակում են խաղաղություն քարոզել

Բաքուն քայլ առ քայլ կառուցում է իր պատմական ռևանշը, իսկ Հայաստանի իշխանությունները շարունակում են խաղաղություն քարոզել
07.11.2025 | 11:43

Երբ Բաքուն պետական ֆինանսավորմամբ կազմակերպում է «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագրով քննարկումներ, հրատարակում գրքեր, քարտեզներ ու վավերագրական ֆիլմեր՝ Հայաստանի տարածքը «պատմական ադրբեջանական հող» ներկայացնելու համար, Երևանում իշխանությունները զբաղված են հացահատիկի մասին ֆեյսբուքյան գրառումներով՝ որպես «խաղաղության հաղթանակ»։

Մինչ Ադրբեջանը պետական մակարդակով հաստատում է ծրագիր՝ դեպի Հայաստան «ադրբեջանցիների վերադարձի» համար, Հայաստանի իշխանությունները փորձում են համոզել, որ եթե խաղաղության պայմանագրին կասկածում ես՝ ուրեմն պատերազմ ես ուզում։ Արդյունքում, խաղաղության մասին խոսողներն իրենք են դարձել պատերազմի իրական հովանավորները՝ լռությամբ ու անգործությամբ։

Այսօր Ադրբեջանը պետական բյուջեից ֆինանսավորում է 51 նախագիծ՝ նվիրված «Արևմտյան Ադրբեջանի վերադարձին», կազմակերպում է միջազգային համաժողովներ Մարոկկոյում ու Բրյուսելում, հրապարակում քարտեզներ, որտեղ Սևանը կոչվում է Գյոյչա, իսկ Զանգեզուրը՝ միջանցք։ Այս ամենը քաղաքական ծրագրավորված քարոզչություն է, որի նպատակը մեկն է՝ փորձ անել ապացուցել, որ Հայաստանը պարզապես «ժամանակավոր գոյություն ունեցող տարածք» է։

Եվ հենց այս պահին, երբ Բաքուն քայլ առ քայլ կառուցում է իր պատմական ռևանշը, Հայաստանի իշխանությունները շարունակում են խաղաղություն քարոզել՝ ոչ թե արժանապատվության, այլ հնազանդության լեզվով։ Նրանք վախենում են անգամ արձագանքել՝ վախենում են խանգարել այն «բարիդրացիությանը», որի գինը կարող է լինել պետության գոյությունը։

Սա արդեն դիվանագիտական կաշկանդվածություն չէ։ Սա ազգային ինքնավերծանման մակարդակի վախ է։ Երբ իշխանությունն իր երկրի տարածքային հավակնությունների մասին լռում է, դա արդեն քաղաքական հաշվարկ չէ, դա բարոյական կապիտուլյացիա է։

Խաղաղություն՝ այո։ Բայց ոչ այն խաղաղությունը, որը ստորագրվում է ստորացմամբ, ոչ այն խաղաղությունը, որի դիմաց պահանջում են մեր սահմանադրությունը, և ոչ այն խաղաղությունը, որը կբերի ադրբեջանցիների՝ կործանարար բնակության իրավունքով վերադարձին Հայաստան։

Խաղաղությունը պետք է ունենա հենարան՝ ազգ, արժանապատվություն և պետականություն։ Առանց դրանց՝ դա այլևս խաղաղություն չէ։ Դա պարզապես ստորաքարշ գոյության կամ, առհասարակ, չգոյության բերող գիտակցված պարտություն է, որը փորձում են ներկայացնել որպես ապագա։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 757

Մեկնաբանություններ